Պալատի ակտ
Ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոններ
- Ընդունված է Պալատի 3-րդ ընդհանուր ժողովում, 2024 թ., ք. Երևան · Նախագահ՝ Ս. Բադալյան
ՀԻՄՆՎԵԼՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների վրա,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ
ճարտարապետների միջազգային միության մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնների ոգին և սկզբունքները,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ
ճարտարապետության հիմնարար դերը հասարակության մշակութային ու տնտեսական զարգացման համար և ճարտարապետների պատասխանատվությունն այդ հարցում,
ՁԳՏԵԼՈՎ
Ճարտարապետական ստեղծագործական աշխատանքում մասնակցող ճարտարապետների, ճարտարագետների, պատվիրատուների, հարակից մասնագիտությունների գործընկերների միջև բարձր բարոյական նորմերի վրա հիմնված հարաբերությունների հաստատմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացմանը,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության ճարտարապետների և ճարտարագետ կոնստրուկտորների մասնագիտական էթիկայի և վարվեցողության հետևյալ կանոնները`
Նախաբան
Ճարտարապետական մասնագիտության ներկայացուցիչները նվիրված են արհեստավարժության բարձրագույն չափանիշներին, սկզբունքայնության և բանիմացության (կոմպետենտության) անխախտելիությանը, իրենց արտադրանքի հնարավոր բարձր որակի ապահովմանը, և նրանք, սույնով հանդերձ` հանրությանն են նվիրաբերում յուրահատուկ գիտելիքներ, վարպետություն և ունակություններ, որոնք չափազանց կարևոր են իրենց երկրի միջավայրի և մշակույթի զարգացման համար: Այսուհետ՝ տեքստում ճարտարապետին վերագրվող բոլոր կանոնները հավասարապես և անառարկելի վերաբերում են նաև ճարտարագետ-կոնստրուկտորին։
1. Ընդհանուր պարտավորություններ
Ճարտարապետները և ճարտարագետ կոնստրուկտորները տիրապետում են համակարգված գիտելիքների, ճարտարապետական արվեստին և գիտությանը, որը ձեռք են բերել կրթության, գործնական պարապմունքների և աշխատանքային փորձառության ընթացքում: Ճարտարապետական կրթության, գործնական պարապմունքների և քննության գործընթացը կազմակերպված է այնպես, որպեսզի հանրությունը համոզված լինի, որ մասնագիտական ծառայություն մատուցելու նպատակով ճարտարապետ վարձելիս, վերջինս կհամապատասխանի մասնագիտական պիտանիության ընդունված նորմերին, որով կապահովվի մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակը: Ճարտարապետները ընդհանուր պարտավորություն ունեն տիրապետել և խորացնել ճարտարապետական արվեստի ու գիտության իրենց գիտելիքները, հարգել ճարտարապետական նվաճումների ամբողջությունը և ներդնել իրենց լուման նրա համալրման գործում, արվեստի, գիտության և բիզնեսի ստեղծման գործընթացներում նախապատվությունը տալով բանիմաց և անզիջում մասնագիտական դատողությանը, ի հակադրություն որևէ այլ դրդապատճառների:
1.1 Ճարտարապետը պարտավոր է ձգտել մասնագիտական գիտելիքների և վարպետության մշտական առաջադիմության, այն ասպարեզներում որոնք անմիջականորեն առնչվում են իր գործունեությանը:
1.2 Ճարտարապետը պարտավոր է մշտապես ձգտել գեղագիտական կատարելության, ճարտարապետական կրթության, հետազոտական գործունեության, գործնական պարապմունքների և աշխատանքային փորձառության չափանիշների (ստանդարտների) բարձրացմանը:
1.3 Ճարտարապետը պարտավոր է, առիթը ներկայանալու դեպքում, նպաստել հարակից արվեստների զարգացմանը, շինարարության ոլորտի գիտելիքների և հմտությունների առաջադիմությանը:
1.4 Ճարտարապետը պարտավոր է ապահովել իր պրակտիկ գործունեության ներքին ընթացակարգերի արդյունավետությունը և ճանաչելիությունը, ներառյալ ստուգումներն ու մշտադիտարկումը (մոնիտորինգը), ինչպես նաև բավարար կազմով որակյալ և կառավարելի աշխատակիցներ, արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
1.5 Այն դեպքերում, երբ աշխատանքն իրականացվում է վարձու ծառայողի կամ ճարտարապետի ուղղակի ղեկավարման ներքո աշխատող այլ անձի կողմից, ճարտարապետն ամբողջական պատասխանատվություն է կրում այդ անձի անհրաժեշտ բանիմացության և կառավարելիության համար:
2. Պարտավորություններ հանրության առջև
Ճարտարապետները պարտավորություն ունեն հանրության առջև պահպանել իրենց մասնագիտական գործունեությունը կարգավորող օրենսդրության տառն ու ոգին, մանրամասնորեն հաշվի առնել իրենց գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և նրա սոցիալական հետևանքները:
2.1 Ճարտարապետը, գործունեություն ծավալելով որևէ երկրում, պարտավոր է հարգել այդ հասարակության արժեքային համակարգը, բնական ու մշակութային ժառանգությունը և նպաստել դրանց պահպանմանը:Նա պարտավոր է ձգտել շրջակա միջավայրի, ինչպես նաև նրանում կյանքի որակի ու կեցության պայմանների բարելավմանը, պահպանելով նրա կայունությունը, լիարժեք գիտակցելով իր աշխատանքի լայն ազդեցությունը այն բոլոր անձանց շահերի վրա, որոնք այդ աշխատանքի արգասիքների հավանական օգտագործողները կամ հայեցողներն են:
2.2 Ճարտարապետն իրեն ներկայացնելիս կամ իր ծառայություններն առաջարկելիս և դրանք գովազդելիս չպետք է դիմի շփոթեցնող, ստահոդ կամ դավադիր գործելակերպի:
2.3 Ճարտարապետական հիմնարկը (իրավաբանական անձը) չպետք է իրեն ներկայացնի այնպիսի միջոցներով, որոնք կարող են թյուրիմացություն կամ շփոթություն առաջացնել
2.4 Ճարտարապետն իր գործունեության ընթացքում պարտավոր է պահպանել օրենքները:
2.5 Ճարտարապետը պարտավոր է պահպանել էթիկայի և վարվեցողության կանոնները և օրենքներն այն երկրներում կամ ինքնուրույն օրենսդրություն ունեցող երկրամասերում, որտեղ մատուցում է կամ մտադիր է մատուցել մասնագիտական ծառայություններ:
2.6 Ճարտարապետը, հարկ եղած դեպքերում, պարտավոր է մասնակցել հասարակական գործունեության որպես քաղաքացի և որպես արհեստավարժ անձ, և նպաստել հանրության համար ճարտարապետական խնդիրների պարզաբանման
3. Պարտավորություններ պատվիրատուների առջև
Ճարտարապետները պարտավորություն ունեն իրենց պատվիրատուների առջև` կատարել մասնագիտական աշխատանքն ազնվորեն, բարեխիղճ, արհեստավարժ և բանիմաց կերպով։ Նրանք պարտավոր են, պատշաճ կերպով հաշվի առնելով համապատասխան տեխնիկական և մասնագիտական չափանիշները (ստանդարտները), կատարել անկանխակալ և անաչառ դատողություններ: Գիտական և արհեստավարժ մասնագիտական դատողությունը պետք է գերադասելի լինի ցանկացած այլ պատճառաբանությամբ պայմանավորված մոտեցումներից:
3.1 Ճարտարապետը պարտավոր է մասնագիտական աշխատանք ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ կարող է երաշխավորել, որ տիրապետում է բավարար գիտելիքների և հմտության, ինչպես նաև կոնկրետ պատվերի կատարման համար բոլոր առումներով հասանելի են համապատասխան տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
3.2 Ճարտարապետը պարտավոր է կատարել իր մասնագիտական աշխատանքը անհրաժեշտ վարպետությամբ, բարեխղճությամբ և ջանասիրությամբ:
3.3 Ճարտարապետը պարտավոր է ջանքեր գործադրել կատարելու իր մասնագիտական աշխատանքը համաձայնեցված խելամիտ ժամկետում, առանց չարդարացված ձգձգումների:
3.4 Ճարտարապետը պարտավոր է պատվիրատուին մշտապես տեղյակ պահել նրա պատվերով կատարվող աշխատանքի ընթացքի մասին, ինչպես նաև այն բոլոր հարցերի մասին, որոնք կարող են ազդել աշխատանքի որակի և արժեքի վրա:
3.5 Ճարտարապետը պարտավոր է պատասխանատվություն կրել իր հաճախորդին տված անկախ խորհրդատվության համար և ձեռնամուխ լինել ծառայությունների մատուցմանը միայն երբ ինքը և իր կողմից ներգրավված մասնագետները տվյալ ասպարեզի համար տիրապետում են կրթությամբ, գործնական պարապմունքներով և փորձառությամբ ձեռք բերված որակավորմանը:
3.6 Ճարտարապետը չպետք է սկսի մասնագիտական աշխատանքը, քանի դեռ կողմերը չեն եկել հստակ գրավոր պայմանավորվածության պատվերի ձևակերպման և աշխատանքի կատարման մասին, մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ.
- աշխատանքի ծավալը և ընդգրկումը,
- պարտականությունների բաշխումը,
- պատասխանատվության սահմանները,
- վարձատրության պայմանները և հաշվարկի ձևը
- աշխատանքների դադարեցման հնարավոր պայմանները:
3.7 Ճարտարապետը հոնարար կամ եկամուտ պետք է ստանա միայն պատվերի ձևակերպման մասին գրավոր պայմանագրի հիման վրա:
3.8 Ճարտարապետը չպետք է կիրառի խրախուսման որևէ ձև պատվերն ստանալու դիմաց:
3.9 Ճարտարապետը պարտավոր է պահպանել պատվիրատուի գործերի մասին գաղտնապահությունը և դրանց վերաբերյալ տեղեկություն տալ միայն նրա հետ նախապես համաձայնեցնելուց հետո, բացառությամբ դատարանի կողմից պահանջ ներկայացնելու դեպքերի:
3.10 Ճարտարապետը պարտավոր է տեղեկացնել պատվիրատուին կամ կապալառուներին իրեն հայտնի հանգամանքների մասին, որոնք կարող են մեկնաբանվել որպես շահերի բախում առաջացնող, ինչպես նաև համոզվել, որ նման բախումը չի անդրադառնա այդ անձանց օրինական շահերի վրա, կամ հակասություն չի առաջացնի այլ անձանց կողմից պայմանագրի դրույթների պահպանման վերաբերյալ ճարտարապետի անկանխակալ դատողություն անելու պարտավորության հետ:
4. Պարտավորություններ մասնագիտության առջև
Ճարտարապետները պարտավոր են պահպանել մասնագիտության վարկը և արժանապատվությունը և ցանկացած հանգամանքներում հարգանքով վերաբերվել այլոց իրավունքներին ու օրինական շահերին:
4.1 Ճարտարապետը պարտավոր է իր մասնագիտական գործունեությունն իրականացնել ազնվորեն և արդարացի
4.2 Ճարտարապետը չպետք է իրեն գործընկեր վերցնի կամ հանդես գա որպես համահեղինակ այն անձի հետ, որի անունը հանվել է որևէ գրանցամատյանից (ռեեստրից)` այլ կերպ, քան վերջինիս անձնական խնդրանքի առկայությամբ, և այն անձի հետ, որը հեռացվել է ճարտարապետների ճանաչված միավորման անդամությունից:
4.3 Ճարտարապետը պետք է ձգտի իր վարքով նպաստել մասնագիտության վարկի և արժանապատվության պահպանմանը և ապահովել, որպեսզի իր գործընկերներն ու աշխատողները առաջնորդվեն նույն վարվեցողությամբ, այն հաշվով, որպեսզի որևէ գործողությամբ չխաթարվի այն անձանց վստահությունը ում հետ կամ ում համար նրանք կատարում են մասնագիտական աշխատանք, և որպեսզի հանրությունը պաշտպանված լինի փաստերի խեղաթյուրման, խաբեության կամ խարդախության դրսևորումներից:
4.4 Ճարտարապետը պարտավոր է իր հնարավոր ներդրումն ունենալ ճարտարապետական գիտելիքների, մշակույթի և կրթության զարգացման գործում:
5. Պարտավորություններ գործընկերների առջև
Ճարտարապետը պարտավոր է հարգել իր իրավունքը և ճանաչել իր գործընկերների մասնագիտական ձգտումներն ու ներդրումը, ինչպես նաև նրանց աշխատանքում այլ անձանց ներդրումը:
5.1 Ճարտարապետը չպետք է դրսևորի խտրականություն ռասայի, կրոնի, հաշմանդամության, ընտանեկան դրության կամ սեռի հատկանիշներով:
5.2 Ճարտարապետը չպետք է յուրացնի այլ անձի մտավոր սեփականությունը կամ ապօրինաբար օգտվի այլ ճարտարապետի գաղափարներից, առանց հղում անելու տվյալ ճարտարապետին կամ գաղափարի հեղինակին:
5.3 Անկախ խորհրդականի կարգավիճակով ծառայություն մատուցելիս ճարտարապետը չպետք է նշանակի հոնարարի չափը, քանի դեռ դրա համար չի ստացել հրավեր: Նա պետք է տիրապետի աշխատանքի բնույթի և ծավալի մասին բավարար տեղեկության, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու հոնարարի չափը, որը պարզորոշ կհամապատասխանի մատուցվող ծառայությանը, դրանով իսկ պաշտպանելով հաճախորդին և հանրությանը պահանջվող միջոցների (ռեսուրսների) անբարեխիղճ գնահատումից:
5.4 Ծառայություն մատուցելիս ճարտարապետը չպետք է վերանայի իր կողմից ներկայացված վարձատրության չափը, նույն ծառայության համար այլ ճարտարապետի կողմից ներկայացված վարձատրության հաշվարկի պատճառով, սույնով պաշտպանելով հաճախորդին և հանրությանը պահանջվող միջոցների (ռեսուրսների) անբարեխիղճ թերագնահատումից:
5.5 Ճարտարապետը չպետք է խոչընդոտի այլ ճարտարապետի նշանակմանը:
5.6 Ճարտարապետը չպետք է մասնակցի այն ճարտարապետական մրցույթին, որը ՃՄՄ կամ ՀՃՄ կողմից հայտարարվել է անընդունելի:
5.7 Մրցույթային հանձնաժողովի կազմում որպես անդամ կամ փորձագետ ներգրավված ճարտարապետը չի կարող հանդես գալ այդ մրցույթի առարկայի նկատմամբ որևէ այլ կարգավիճակով:
5.8 Ճարտարապետը չպետք է չարամտորեն կամ անարդար քննադատությամբ հանդես գա կամ փորձի վարկաբեկել այլ ճարտարապետի աշխատանքը:
5.9 Եթե ճարտարապետին առաջարկվել է նախագծային կամ այլ մասնագիտական աշխատանք, որի վերաբերյալ նա տեղեկություն ունի կամ խելամիտ հարցումներով կարող է տեղեկանալ, որ նույն աշխատանքի համար նշանակված է կամ նույն պատվիրատուի կողմից ներգրավված է այլ ճարտարապետ, պարտավոր է հայտնել այդ մասին տվյալ ճարտարապետին:
5.10 Հրավիրված լինելով իր կարծիքն արտահայտել այլ ճարտարապետի աշխատանքի վերաբերյալ, ճարտարապետը պետք է տեղեկացնի այդ մասին տվյալ ճարտարապետին, բացառությամբ այն դեպքի, երբ դա կարող է վնասել նախատեսված կամ ընթացող դատավարությանը:
5.11 Ճարտարապետը պարտավոր է ապահովել իր աշխատակիցների և աշխատողների պատշաճ աշխատանքային պայմանները, արդարացի վարձատրությունը և նպաստել նրանց մասնագիտական աճին:
5.12 Ճարտարապետը պարտավոր է ապահովել, որպեսզի իր անձնական և մասնագիտական ֆինանսական միջոցները կառավարվեն օրինականորեն և արդյունավետ:
5.13 Ճարտարապետը պարտավոր է իր մասնագիտական համբավն ստեղծելիս հենվել իր սեփական ծառայությունների և գործողությունների վրա, միաժամանակ ճանաչել և արժանին մատուցել ուրիշներին` նրանց մասնագիտական ձեռքբերումների համար: