Անցնել բովանդակությանը
Մուտք
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԱՏՆԵՐԻ
ՊԱԼԱՏ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՊԱԼԱՏ

Հայաստանի Ճարտարապետների միությունը հիմնադրվել է 1937 թվականին: Հայաստանի Ճարտարապետների պալատը հանդիսանում է Հայաստանի Ճարտարապետների միության Ժառանգորդը:

1937
Միության հիմնադրում
1999
UIA-ի լիարժեք անդամ
2018
Ճարտարապետների պալատ
140+
երկրներ UIA-ի կազմում

1932 — 1937

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

1932 թ. կազմվել է անվանի ճարտարապետներից կազմված հանձնաժողով, որոնք նախապատրաստելու էին կազմակերպչական ամբողջ գործընթացը: Միության կազմավորման ակունքներում կանգնած են եղել մեր ժողովրդի տաղանդավոր, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված ճարտարապետների մի ամբողջ համաստեղություն:

Հանձնաժողովի կազմում էին Միքայել Մազմանյանը, Նիկողայոս Բունիաթյանը, Ալեքսանդր Թամանյանը, Արսեն Ահարոնյանը, Ռուբեն Հակոբյանը, Բագրատ Արազյանը, Հովհաննես Մարգարյանը, Գ. Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահն էր ճարտարապետ Գևորգ Բ. Քոչարը:

1932 — 2018

ԺԱՄԱՆԱԿԱԳԻԾ

  1. 1932

    Կազմակերպչական հանձնաժողով

    Հանձնաժողովը ճարտարապետ Կարո Հալաբյանի մասնակցությամբ, որն այդ ժամանակ ԽՍՀՄ ճարտարապետների միության նախագահն էր, փայլուն կատարեց իր վրա դրված կազմակերպչական ամբողջ պարտականությունները:

  2. 1937 Հունիսի 5

    ՀՃՄ առաջին համագումար

    1937 թ. հունիսի 5-ին կայացավ ՀՃՄ առաջին համագումարը, որտեղ վարչության նախագահ ընտրվեց Գևորգ Բարսեղի Քոչարը:

  3. 1937 – 1991

    Խորհրդային տարիներ

    Կազմակերպման օրվանից ՀՃՄ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Խորհրդային Հայաստանի տնտեսության կառուցման ու մշակութային կյանքին: Նրա անդամները լծվել են ստեղծագործ աշխատանքի քաղաքաշինության, հուշարձանների պահպանման, երիտասարդ ճարտարապետների կրթության, ճարտարապետության տեսության ու պատմության զարգացման գործընթացներին:

    Թամանյանական դպրոցի հետևորդների, ավագ սերնդի ճարտարապետների կողմից ստեղծվեցին բազմաթիվ ճարտարապետական և գեղագիտական մեծ արժեք ունեցող հետաքրքիր, ազգային դիմագծով և նոր մոտեցումով կատարված բազմաթիվ համալիրներ, շենքեր և կառույցներ: ԽՍՀՄ ճարտարապետների միության մաս կազմելով, մեր միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ճարտարապետների միության կազմակերպչական, ստեղծագործական-հասարակական կյանքին միշտ զգալով մյուս հանրապետությունների միությունների ուշադրությունն ու հարգանքը:

  4. 1988 Դեկտեմբերի 7

    Սպիտակի երկրաշարժը

    1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժը կործանարար հետևանք թողեց: Զոհվեց ավելի քան 25.000 մարդ, հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը, ավերվեց Լենինականը: Երկրի 1/3 մասը զրկվեց իր տնտեսական հիմքից, բնակֆոնդից:

    Աշխարհը օգնության ձեռք մեկնեց Հայաստանին: ԽՍՀՄ հանրապետությունների բազմաթիվ ճարտարապետներ շտապեցին Հայաստան՝ օգնելու իրենց գործընկերներին: Այդ օրերին ՀՃՄ-ի Ճարտարապետի տունը վերածվեց շտաբի, որտեղ և՛ նախագծվում, և՛ հավաքվում էին տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից կատարված բնակելի, հասարակական, առողջապահական, դպրոցական շենքերի նախագծերը:

  5. 1991

    Անկախություն

    1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ճարտարապետներն ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման, Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ ու սուվերեն պետության կայացման գործընթացներին:

    Հայաստանի ճարտարապետների միության անդամները անմիջական մասնակցություն ունեցան ստեղծված նոր քաղաքական-տնտեսական հարաբերություններում, մեծ աշխատանք տանելով քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում օրենսդրական դաշտ լուծելուն:

  6. 1992

    Միությունների միջազգային ասոցիացիա (MACA)

    1992 թվականին նախկին Խորհրդային Միության հանրապետությունների ճարտարապետների միությունները, շարունակելու համար իրենց միացյալ գործունեությունը՝ ուղղված ճարտարապետության զարգացմանը, կազմակերպեցին ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիան /MACA/, որի հիմնադիր անդամներից էր նաև Հայաստանի Ճարտարապետների միությունը:

    Ռոտացիոն կարգով Ասոցիացիան յուրաքանչյուր տարի ղեկավարում է Ասոցիացիայի կազմում գտնվող միություններից մեկի նախագահը: 1995-1997 թթ. MACA-ի նախագահի պարտականությունները կատարել է ՀՃՄ նախագահ Ա. Զուրաբյանը: 2012-2013 թթ. MACA-ի նախագահի պարտականությունները կատարել է ՀՃՄ նախագահ Մ. Մինասյանը:

  7. 1999

    Ճարտարապետների միջազգային միություն (UIA)

    Հայաստանի Ճարտարապետների միությունը /այժմ պալատ/ 1999 թվականից Ճարտարապետների Միջազգային Միության /UIA/ լիարժեք անդամ է ձայնի իրավունքով, որի կազմում ընդգրկված են աշխարհի ավելի քան 140 երկրների Ճարտարապետների միությունները:

  8. 2005 – 2006

    Մասնաճյուղեր Լոս Անջելեսում և Մոսկվայում

    Ստեղծված նոր քաղաքական և տնտեսական փոփոխությունները փոփոխություն մտցրեցին յուրաքանչյուր մարդու կյանքում: Միության անդամների մի զգալի մաս մեկնեց արտերկիր աշխատանք գտնելու նպատակով: Արտերկիր մեկնած ճարտարապետները հիմնականում հաստատվեցին ՌԴ-ի Մոսկվա քաղաքում և ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

    Չկորցնելու համար մեր միության անդամներին, 2005 թվ. կազմակերպվեց ՀՃՄ-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը /նախագահ՝ Վ. Ակշիհերլյան/ և 2006 թվ. կազմակերպվեց ՀՃՄ-ի Մոսկվայի մասնաճյուղը /նախագահ՝ Կ. Բալյան/:

    Հայ ճարտարապետները, չնայած ոչ նպաստավոր պայմաններին, իրենց աշխատանքով ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ակտիվորեն մասնակցում են նորանկախ Հայաստանի կայացման և հզորացման գործընթացին: Վերջին 25 տարում եղել են նշանակալից ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ ունեցել ենք մեծ կորուստներ, ընկել է ճարտարապետների հեղինակությունը:

  9. 2006

    Նոր օրենքի մշակում

    Նոր ժամանակները թելադրեցին նորովի նայել ՀՃՄ-ի աշխատանքների կազմակերպման հարցերին: Անհրաժեշտություն առաջացավ արմատապես վերանայել միության՝ որպես հասարակական կազմակերպության գործունեությունը: Ուսումնասիրվեց արտասահմանյան երկրների նմանատիպ կազմակերպությունների կառուցվածքն ու փորձը: Կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ:

    Ճարտարապետների միության մասնագիտական խմբի և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքով 2006 թվականից սկսվեց քննարկումների մի ամբողջ շղթա, որի ընթացքում մշակվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

  10. 2018 Հունվարի 6

    «Ճարտարապետական գործունեության մասին» օրենք

    Օրենքը երկրի նախագահի կողմից հաստատվեց և ուժի մեջ մտավ 2018 թվականի հունվարի 6-ին: Ընդունված օրենքով պետությունը որոշ գործառույթներ փոխանցում է Հայաստանի Ճարտարապետների պալատին (ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների Արտոնագրերի տրամադրում, մասնագիտական որակի բարձրացման համար շարունակական ուսուցման ծրագրերի պատրաստում և այլն):

  11. 2018 Մարտի 17

    Հայաստանի Ճարտարապետների պալատ

    2018 թվականի մարտի 17-ին Հայաստանի Ճարտարապետների միության ընդհանուր ժողովը որոշում ընդունեց վերակազմավորել Հայաստանի Ճարտարապետների միությունը Հայաստանի Ճարտարապետների պալատի: Հաստատվեց Ճարտարապետների պալատի Կանոնադրությունը, ընտրվեց Պալատի խորհուրդ և Պալատի որակավորման հանձնաժողովներ: Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ ընտրվեց Մկրտիչ Մինասյանը:

ԱՅՍՕՐ

Կոնսոլիդացնելով գործող ճարտարապետներին և ճարտարագետ-կոնստրուկտորներին, համատեղ քննարկելով այն բոլոր հարցերի շրջանակները, որոնք նպաստելու են ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների հեղինակության և պատասխանատվության բարձրացմանը, մենք կկարողանանք լիարժեք մասնակցություն ունենալ երկրի զարգացման մեջ, որոշակի և պահանջված ազդեցություն կարող ենք ունենալ քննարկվող հարցերի մեջ, լինել ֆինանսապես անկախ, արժանավայել ներկայացնել Հայաստանը Ճարտարապետական միջազգային հարթակներում: