Անցնել բովանդակությանը
Մուտք

Պալատի ակտ

«Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրություն

  • Հաստատված է Հիմնադիր ժողովի 17.03.2018 թ. որոշմամբ (արձ. № 01/18) · Պետական գրանցում՝ 16.05.2018 թ.

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` նաև Պալատ) մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` նաև Օրենք) և սույն Կանոնադրությամբ:

2. «Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 211.171.04600. այսուհետ նաև՝ Միավորում) իրավահաջորդը:

3. Պալատի անվանումն է.

  • հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպություն, կրճատ՝ «Հայաստանի ճարտարապետների պալատ» ԻԿԿ, հապավումը՝ ՀՃՊ,
  • ռուսերեն՝ “Палата Архитекторов Pеспублики Армения” Саморегулируемая организация, կրճատ՝ “Палата Архитекторов Армени” СРО, հապավումը՝ ПАА,
  • անգլերեն՝ “Chamber of Architects of the Republic of Armenia” Self-regulatory Organization, կրճատ՝ «Chamber of Architects of Armenia» SRO, հապավումը՝ CAA,

4. Պալատի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, թիվ 17, Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետների տուն:

5. Պալատն ունի խորհրդանիշ, իր անվամբ կնիք, դրոշմակնիքներ և ձևաթղթեր:

2. ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Պալատի գործունեության հիմնական նպատակն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ճարտարապետության ու ճարտարապետների դերի հաստատումը՝ ուղղված հանրապետության քաղաքաշինության ու ճարտարապետական հիմնահարցերի լուծմանը:

2. Պալատն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալու դրա մասնակից:

3. Պալատը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:

4. Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է միայն Պալատի կանոնադրական նպատակների ուղղությամբ:

5. Պալատը`

1) մշակում և հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ),

2) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների և Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ,

3) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները,

4) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը,

5) կազմում և վարում է ճարտարապետների և նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանշային ցուցակները,

6) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների շարունակական ուսուցման ծրագրեր և դրանց իրականացման կարգ,

7) ներկայացնում և պաշտպանում է իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ:

6. Պալատը կարող է`

1) մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանություն, ճարտարապետական գործունեության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր,

2) իրականացնել իր և իր անդամների մասնագիտական գործունեության հետ կապված ռիսկերի, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,

3) անցկացնել ճարտարապետական մրցույթներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ,

4) աջակցել մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստել քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը,

5) սահմանել և շնորհել Պալատի պարգևներ, միջնորդություններ ներկայացնել իր անդամներին պետական պարգևներ և կոչումներ շնորհելու,

6) մասնագիտական եզրակացություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում քննարկվող՝ քաղաքաշինության օրենսդրությանն առնչվող նախագծերի վերաբերյալ, մասնակցել ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը,

7) հրատարակել թերթեր, ամսագրեր, այլ պարբերականներ,

8) անդամագրվել միջազգային մասնագիտական կազմակերպություններին և համագործակցել այլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ,

9) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

3. ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1. Պալատի անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել`

  • Օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները,
  • Օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները,
  • Դաշնակից անդամները,
  • Oրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով մասոի համաձայն դիմում ներկայացրած անձինք,
  • Oրենքի 14-րդ հոդվածի պահանջները բավարարող անձինք,
  • Միջազգային ասոցացված անդամները,

2. Դաշնակից անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 և ավելի տարիներ (ներառյալ՝ «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությանն անդամակցության ժամանակահատվածը) անդամակցած ճարտարապետները և Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք (Պալատի գրանցմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում՝ իրենց դիմումի համաձայն), ինչպես նաև Պալատի Խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետներ, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Խորհուրդը: Դաշնակից անդամին արտոնագիր չի տրամադրվում:

3. Միջազգային ասոցացված անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):

4. Ճարտարապետական մասնագիտական գործունեության բնագավառում մեծ վաստակի կամ ավանդի համար Պալատի անդամը կարող է արժանանալ Պալատի պատվավոր անդամի կոչման: Ճարտարապետական գործունեության բնագավառներում մեծ վաստակի կամ ավանդի համար Պալատի պատվավոր անդամի կոչմանը կարող են արժանանալ նաև այլ անձինք: Պալատի պատվավոր անդամի կոչումը շնորհում է Պալատի խորհուրդը: Պալատի պատվավոր անդամը կարող է հնարավորությունն է ստանում հրավիրյալ անձի կարգավիճակով մասնակցել Պալատի գործունեությանը:

5. Պալատի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Պալատի նախագահին:

6. Պալատի արտոնագիր ունեցող դիմորդը Պալատի անդամի կարգավիճակ է ստանում անմիջականորեն: Նրա դիմումը մերժվել կարող է միայն ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություն հայտնաբերվելու դեպքում:

7. Ներկայացվող փաստաթղթերի կազմը, ձևաչափը և ընդունելության կարգը սահմանվում է Խորհրդի որոշմամբ:

8. Պալատի անդամի կարգավիճակ տրվում է Խորհրդի որոշմամբ:

9. «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության վերակազմավորվելու անցումային գործընթացի շրջանակներում Միավորման անդամները ներկայացնում են միայն դիմում և 4լուսանկար (ներկայացվում է բացառապես` անձամբ ):

10. Պալատին անդամագրված անձն ազատ է հրաժարվելու Պալատի անդամությունից:

11. Պալատի այն անդամը, որը սահմանված անդամավճարը մեկ տարի անընդմեջ չի վճարում կամ պարբերաբար խախտում է սույն Կանոնադրությունը, զրկվում է Պալատի անդամությունից սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Պալատի անդամն իրավունք ունի.

ա) ընտրել և ընտրվել Պալատի կառավարման և այլ մարմիններում,

բ) Պալատի աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,

գ) սպառիչ տեղեկություն ստանալ Պալատի գործունեության մասին,

դ) ազատ դուրս գալ Պալատի անդամությունից,

ե) Պալատից ստանալ իրավական աջակցություն՝ ուղղված մասնագիտական գործունեության ընթացքում իր օրինական շահերի պաշտպանությանը,

զ) մասնակցել Պալատի միջոցառումներին.

է) Պալատի նախագահի և Խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոք ներկայացնել Պալատի ընդհանուր ժողովին (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով), ինչպես նաև դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

2. Պալատի անդամը պարտավոր է՝

ա) նպաստել Պալատի հեղինակության բարձրացմանը,

բ) կատարել Պալատի կանոնադրության և այլ ակտերի պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

գ) մուծել անդամավճար` ամսական 2,000 (երկու հազար) ՀՀ դրամի չափով,

դ) պահպանել ճարտարապետի էթիկայի և վարվեցողության կանոնները,

3. Պալատի կանոնադրության, ճարտարապետի էթիկայի և վարվեցողության կանոնների կամ Պալատի այլ ակտերի պահանջները խախտող անդամի նկատմամբ սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ, այդ թվում՝ նկատողություն, Պալատի անդամությունից զրկում: Պալատի անդամությունից զրկման հարցը Ժողովին ներկայացնում է Խորհուրդը՝ Պալատի նախագահի կամ վերջինիս տեղակալների առաջադրմամբ՝ կարգապահական վարույթի արդյունքում:

4. Պալատի անդամի և Պալատի հարաբերություններին առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Պալատի անդամի նկատմամբ կարգապահական տույժերի, Պալատի անդամությունից զրկման հարցերը (դեպքերը և կարգը))՝ կարգավորվում են Խորհրդի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

5. ՊԱԼԱՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Պալատի մարմիններն են`

1) Պալատի ընդհանուր ժողովը,

2) Պալատի խորհուրդը,

3) Պալատի նախագահը,

4) Պալատի որակավորման հանձնաժողովները,

5) Պալատի կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային խմբերը (հանձնաժողովները),

6) Խորհրդի որոշմամբ ստեղծված ժամանակավոր աշխատանքային խմբերը (հանձնաժողովները):

5.1. Ընդհանուր ժողովը

1. Պալատի ընդհանուր ժողովը Պալատի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է տարեկան կամ արտահերթ գումարումների միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Պալատի անդամների կեսից ավելին: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը, իսկ բաց քվեարկությունների արդյունքները` Պալատի նախագահը (կամ ժողովը նախագահողը):

2. Ընդհանուր ժողովը գումարվում է Պալատի խորհրդի որոշմամբ: Տարեկան ընդհանուր ժողովը գումարվում է ամեն տարի՝ ոչ ուշ, քան հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` չորս ամսվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է գումարվել Պալատի անդամների մեկ քառորդի պահանջով:

3. Ընդհանուր ժողովը`

1) հաստատում է Պալատի կանոնադրությունը և ճարտարապետի մասնագիտական էթիկայի կանոնները.

2) ընտրում է Պալատի նախագահ և Պալատի խորհրդի անդամներ, ինչպես նաև Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում է նրանց լիազորությունները.

3) սահմանում է հանձնաժողովների թվակազմը և ընտրում դրանց անդամներին.

4) սահմանում է Պալատի անդամավճարի չափը և վճարման պարբերականությունը.

5) հաստատում է Պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը` Պալատի նախագահի ներկայացմամբ.

6) հաստատում է Պալատի տարեկան բյուջեն` Պալատի նախագահի ներկայացմամբ.

7) Պալատի անդամին զրկում է անդամությունից` Օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

8) կարող է լուծել Պալատի գործունեությանն առընչվող ցանկացած հարց.

4. Պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

5. Պալատի անդամներն Ընդհանուր ժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու օրվա, ժամի (հեռակա քվեարկության դեպքում` տևողության), ինչպես նաև տեղի (վայրի) մասին ստանում են ծանուցում` էլեկտրոնային փոստով, ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից` ա) 21 օր առաջ, եթե օրակարգում ընդգրկված են ընտրություններ, կամ բ) 14 օր առաջ, այլ հարցերով: Սույն կետում նշված ծանուցումը հրապարակվում է Պալատի կայքէջում, ինչպես նաև տեղադրվում է Պալատի գտնվելու վայրի` հայտարարությունների ցուցատախտակի վրա:

6. Պալատի անդամների մեկ քառորդի պահանջով արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու պահանջը ներկայացվում է Պալատի նախագահին, որն այն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում պարտավոր է հրավիրել Խորհրդի նիստ և որոշում կայացնել արտահերթ Ընդհանուր ժողովի անցկացման տեղի և ժամկետի վերաբերյալ: Պահանջը ներկայացվում է գրավոր` նշելով ժողովի օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Նշված ժամկետում Խորհրդի որոշում չկայացվելու դեպքում արտահեթ Ընդհանուր ժողովը կարող է գումարվել պահանջը ներկայացրած անդամների կողմից` նույն օրակարգով:

7. Ընդհանուր ժողովի հրավիրման, գումարման, որոշումների ընդունման՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով): Ընդ որում, Պալատի պետական գրանցումից հետո կայանալիք առաջին ընդհանուր ժողովի հրավիրման, գումարման, որոշումների ընդունման կարգը հաստատում է Խորհուրդը և ներկայացնում նույն Ընդհանուռր ժողովի հաստատմանը:

5.2. Պալատի խորհուրդը

1. Պալատի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

2. Խորհուրդը կազմված է Պալատի նախագահից և Խորհրդի անդամներից:

3. Խորհրդի անդամների ընդհանուր քանակը 18 (տասնութ) է, ներառյալ Պալատի նախագահը:

4. Խորհրդի անդամները (բացառությամբ Պալատին նախագահի) վարկանշային կարգով ընտրվում են Պալատի անդամների կազմից, ընդհանուր ժողովի կողմից` չորս տարի ժամկետով:

5. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պալատի անդամ է դառնում Խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար: Վարկանշային ընտրացուցակի համապատասխան անդամը Պալատի նախագահի առաջարկն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր գրավոր համաձայնությունը և Խորհրդի առաջիկա նիստում արձանագրվում է նրա ընդգրկվելը Խորհրդի կազմում: Նշված ժամկետում համաձայնությունը չստանալու դեպքում Պալատի նախագահն առաջարկում է վարկանշային ընտրացուցակի հաջորդ թեկնածուին:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Խորհրդի նախագահի (Խորհրդի նիստին նրա լիազորություններն իրականացնող անձի) ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

9. Խորհուրդը`

1) հաստատում է որակավորման քննությունների անցկացման կարգը,

2) հաստատում է պարտադիր վերապատրաստման դասընթացների պարբերականությունը, ծրագրերն ու ժամաքանակը,

3) հաստատում է Պալատի գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաև դրանցում ընդգրկվող տեղեկատվության ցանկը` նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին,

4) հաստատում է արտոնագրի հավակնորդ ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը հավաստող տեղեկատվության ծավալը, ներկայացման ենթակա փաստաթղթեռի տեսակները, ցանկը,

5) հաստատում է ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի արտոնագրի հանձնման արարողակարգը. ընդ որում, որպես կանոն, արտոնագրերը հանձնվում են յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կամ Խորհրդի՝ մոտակա նիստի ժամանակ,

6) հաստատում է Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործմանն աջակցելու նպատակով մասնագիտական վերապատրաստման դասընթացների` ոլորտի կրթական հաստատությունների հետ համատեղ մշակմանը ներկայացնելու և հաստատված ծրագերի իրականացման կարգերը,

7) սահմանում է արտոնագրի ձևը և ներկայացնում Լիազորված մարմնի հաստատմանը,

8) սահմանում է որակավորման սանղակի պահանջներն ու ծրագրերը և ներկայացնում Լիազորված մարմնի հաստատմանը,

9) քննում է Պալատի կանոնադրության և (կամ) էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր,

10) Օրենքով նախատեսված դեպքերում Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում դադարեցնելու կամ կասեցնելու ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը, որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին,

11) հաստատում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը,

12) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում մասնագիտական եզրակացություն է տալիս բարձր ռիսկայնության դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծերի վերաբերյալ,

13) վերահսկում է Պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը.

14) ընտրում է Պալատի աուդիտ իրականացնող անձին (աուդիտորին)՝ առնվազն երկու տարին մեկ աուդիտ իրականացնելու նպատակով, ընդ որում միևնույն աուդիտորը չի կարող ընտրվել ավելի քան հինգ տարի անընդմեջ,

15) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է տնտեսական ընկերություններ կամ Պալատի՝ նման ընկերություններին մասնակցության վերաբերյալ որոշումներ է ընդունում, ինչպես նաև ստեղծում է առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ ու ընդունում է դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումներ,

16) թույլատրում է 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող և 20. 000.000 ՀՀ դրամը չգերազանցող՝ գույքի օտարման, ձեռքբերման կամ այլ գործարքների կնքումը,

17) Խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել.

ա) իր դիմումի հիման վրա,

բ) մեկ օրացուցային տարվա ընթացքում անընդմեջ չորս նիստից անհարգելի բացակայելու դեպքում:

Սույն ենթակետում նախատեսված դեպքում Խորհուրդը հարուցում է կարգապահական վարույթ և Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հարցը ներկայացնում Ժողովին:

10. Խորհրդի կազմավորմանը (անդամների ընտրությանը, նրանց լիազորությունների դադարեցմանը), խնդիրներին ու գործառույթներին առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

11. Խորհրդի նիստերի հրավիրման, գումարման, որոշումների ընդունման՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Խորհրդի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

5.3. Պալատի նախագահը

1. Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Պալատի նախագահին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ, Ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

3. Պալատի նախագահ կարող է ընտրվել առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող ճարտարապետը:

4. Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է Պալատը,

2) գործում է առանց լիազորագրի.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,

4) բանկում բացում է Պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ,

5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում և ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

6) ապահովում և կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը,

7) օրենքով և Պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Պալատի գույքը, այդ թվում` դրամական միջոցները, ընդ որում, Պալատի նախագահն իրավասու է կնքելու 5.000.000 ՀՀ դրամը չգերազանցող՝ գույքի օտարման, ձեռքբերման կամ այլ գործարքներ, իսկ գործարքի՝ սույն կետում նշված շեմը գերազանցելու դեպքում Պալատի նախագահը տվյալ գործարքը կնքում է 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող և 20. 000.000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքի դեպքում՝ Խորհրդի, իսկ 20. 000.000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դեպքում՝ Ժողովի որոշման առկայությամբ:

8) իրականացնում է օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5. Պալատի նախագահն ի պաշտոնե Խորհրդի նախագահն է։

6. Պալատի նախագահն ունի երկու տեղակալ, որոնք նշանակվում են Պալատի անդամների թվից, Պալատի նախագահի ներկայացմամբ` Խորհրդի որոշմամբ: Նրանցից մեկը` առաջին տեղակալ, որը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ: Երկրորդ տեղակալի հիմնական գործառույթներն են իրավական հարցերի, օրենսդրական խնդիրների կարգավորումը, Պալատի հանձնաժողովների աշխատանքների կոորդինացումը: Տեղակալների գործառույթների առավել մանրամասն շրջանակը սահմանվում է խորհրդի որոշմամբ` նախագահի ներկայացմամբ:

7. Պալատի նախագահի ընտրությանը, նրա լիազորությունների դադարեցմանը, խնդիրներին ու գործառույթներին առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

8. Պալատի նախագահի տեղակալների ընտրությանը, նրանց լիազորությունների դադարեցմանը, խնդիրներին ու գործառույթներին առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Խորհրդի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

5.4. Պալատի հանձնաժողովները

1. Օրենքով սահմանված կարգով ձևավորվում են Պալատի երկու որակավորման հանձնաժողովներ`

1) Ճարտարապետների որակավորման և արտոնագրման,

2) Ճարտարագետ-կոնստրուկտորների որակավորման և արտոնագրման:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվում են հանձնաժողովների անդամների կողմից իրենց կողմից սահմանված կարգով, բոլոր անդամների հավասար հնարավորությամբ:

2. Հանձնաժողովների անհատական կազմը ձևավորվում է կամավորության սկզբունքով: Առաջադրվել կամ ինքնաառաջադրվել կարող են Պալատի բոլոր անդամներն առանց բացառության:

3. Հանձնաժողովների կազմավորմանը, գործունեությանը, խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև վերակազմավորմանն առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

5.5. Պալատի աշխատանքային խմբերը

1. Պալատն ունի մասնագիտական աշխատանքային խմբեր.

1) Ճարտարապետության,

2) Քաղաքաշինության (տարածական պլանավորման),

3) Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և լանդշաֆտի պահպանման,

4) Կոնստրուկցիաների, շինանյութերի և տեխնոլոգիաների,

5) Մասնագիտական կրթության, շարունակական ուսուցման և վերապատրաստման ծրագրերի, երիտասարդ մասնագետների հարցերի,

6) Օրենսդրական գործունեության, իրավական և կանոնադրական հարցերի,

7) Արտաքին և հանրային կապերի, Պալատի միջոցառումների,

8) Խորհրդի որոշմամբ՝ այլ մասնագիտական աշխատանքային խմբեր:

2. Աշխատանքային խմբերը ձևավորվում են Խորհրդի կողմից՝ Պալատի անդամներից՝ կամավորության սկզբունքով ։

3. Աշխատանքային խմբերի համակարգողները պետք է լինեն Խորհրդի կազմից։

4. Աշխատանքային խմբերի կազմավորմանը, գործունեությանը, խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև վերակազմավորմանն առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Խորհրդի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

6. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:

2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:

3. Օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը:

4. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ձևավորվում է յոթ անդամից կազմված հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի չորս, լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ` երկու, և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության ռեկտորի ներկայացմամբ՝ մեկ ներկայացուցիչ: Պալատի ներկայացուցիչներին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և հրապարակվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները նույնպես հաստատվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում, Պալատի ներկայացուցիչն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ մյուս մարմինների ներկայացուցիչները՝ ըստ այդ մարմինների ղեկավարների ներկայացման:

5. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը Պալատի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

6. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Խորհրդի որոշմամբ սահմանված և լիազորված մարմնի հաստատած որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

7. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Խորհրդի սահմանած ժամաքանակով:

8. Որակավորման քննությունների արդյունքները հավակնորդը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկել լիազորված մարմնի ղեկավարին:

9. Համապատասխան կարգի (դասի) արտոնագիր տալու մասին հանձնաժողովի որոշումը լիազորված մարմնի ղեկավարի կողմից տասնօրյա ժամկետում հաստատվելուց հետո Պալատի նախագահը արտոնագիրը հանձնում է արտոնագրված ճարտարապետին (ճարտարագետ-կոնստրուկտորին)՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով: Արտոնագրի ձևը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմինը: Արտոնագիրը ստորագրում են լիազորված մարմնի ղեկավարը և Պալատի նախագահը, կնքվում է լիազորված մարմնի կնիքով:

10. Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման:

11. Արտոնագրված ճարտարապետը կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական ծառայություն մատուցող որևէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

7. ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրումն իրականացվում է ճարտարապետների արտոնագրման համար սահմանված կարգով:

2. Ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, շինարարության ոլորտում ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և մասնագիտական առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:

4. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է Պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ:

8. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

1. Ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) ենթակա է կարգապահական պատասխանատվության Օրենքի և Պալատի կանոնադրության և այլ ակտերի պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար: Ճարտարապետը կարգապահական պատասխանատվություն է կրում նաև ճարտարապետի մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնների խախտման համար:

2. Կարգապահական խախտման համար ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) արտոնագրի գործողության դադարեցում.

4) Պալատի անդամությունից զրկում:

3. Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում արարքի ծանրությունը, հաճախականությունը, առաջացած հետևանքները և պատճառված վնասի չափը։

4. Կարգապահական տույժի նշանակումը կարող է բողոքարկվել դատական կարգով` տույժը նշանակելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում։

5. Կարգապահական տույժն ուժի մեջ է այն նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարի ժամկետով:

6. Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

7. Կարգապահական վարույթ հարուցվում է ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա, դրանց ստացման օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում:

8. Վարույթի համար գործերը նախապատրաստվում են Պալատի նախագահի հանձնարարությամբ` Խորհրդի անդամի, անհրաժեշտ դեպքերում` երկու անդամների կողմից:

9. Կարգապահական վարույթի համար նախապատրաստված գործը ներկայացվում է Խորհրդին, որն ընդունում է որոշում

ա) հարուցել կարգապահական վարույթ

բ) մերժել կարգապահական վարութի հարուցումը

10. Կարգապահական վարույթի հարուցման որոշում կայացնելու դեպքում համապատասխան տույժի նշանակման մասին որոշումն ընդունվում է մեկամսյա ծամկետում:

11. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը ծանուցվում է կարգապահական խախտում թույլ տված անձին, դիմողին միաժամանակ տեղեկացնելով Խորհրդի նիստում գործը քննելու օրը և ժամը:

12. Խախտում թույլ տված անձն ու դիմողը իրավունք ունեն Խորհրդի նիստում հանդես գալ` անձամբ կամ այդ նպատակով իրենց կողմից լիազորված պաշտպանի հետ միասին:

13. Խորհուրդը, լսելով պաշտպանվող կողմի բացատրությունները, կարող է քննարկումները շարունակել և որոշում կայացնել առանց նրա/ նրանց/ ներկայության:

14. Ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի արտոնագրմանը, արտոնագրված ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի պատասխանատվությանը, կարգապահական վարույթի հարուցմանը, իրականացմանը, արտոնագրի գործողության կասեցմանը, դադարեցմանը, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրմանը, Պալատի կողմից կազմակերպվող լրացուցիչ ուսուցման և վերապատրաստման դասընթացներին առնչվող՝ Օրենքով և սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Խորհրդի որոշմամբ հաստատված կարգով (կարգերով):

9. ՊԱԼԱՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Պալատի գույքը հանդիսանում է Պալատի սեփականությունը: Պալատը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Պալատի անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:

Պալատի սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել՝

  • Պալատի անդամների անդամավճարները, այլ վճարները, դրամական և նյութական ներդրումները,
  • դրամաշնորհները,
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները, նվիրաբերությունները,
  • Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցները,
  • Պալատի կողմից հիմնադրված, ինչպես նաև Պալատի մասնակցությամբ գործող կազմակերպությունների գործունեության արդյունքները (այդ թվում՝ շահույթը),
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

2. Պալատի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

3. Պալատի միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և Պալատի կանոնադրության համաձայն սահմանված այլ նպատակների ու խնդիրների իրականացման համար: Նման նպատակների ոչ սպառիչ ցանկը հետևյալն է.

ա) Պալատի անդամներին, նրանց ընտանիքի անդամներին դրամական և այլ բնույթի օժանդակության տրամադրումը,

բ) մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին ուսման վարձի և այլ բնույթի օժանդակության տրամադրումը,

գ) Բարեգործության մասին ՀՀ օրենքով սահմանված նպատակները:

Սույն կետի ա), բ) և գ) ենթակետերում նշված նպատակներով Պալատի միջոցներն օգտագործվում են Խորհրդի որոշմամբ՝ Ընդհանուր ժողովի սահմանված կարգով և չափով:

10. ՊԱԼԱՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՄ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Պալատը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: